Ահազանգ․ Փրկել «Ռոսիա» կինոթատրոնի շենքը
Մտավորականներն ահազանգում են «Ռոսիա» կինոթատրոնի շենքը փրկելու անհրաժեշտության մասին և նորանշանակ մշակույթի նախարարի ուշադրությունը հրավիրում։ Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել, որում, մասնավորապես, ասված է.
«Երեկ համացանցում տարածվեցին «Ռոսիա» կինոթատրոնի շենքի ճակատային հատվածներում աշխատանքների իրականացման վերաբերյալ լուսանկարներ։ «Ռոսիա» կինոթատրոնի շենքը տարիներ շարունակ ենթարկվում է մեթոդիկ ձևախեղման։ Շենքը կորցրեց իր համալիրի մեջ մտնող ազատ հարթակները, պատվեց տարատեսակ կցակառույցներով, իսկ վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն էինք կինոթատրոնի շենքի ռադիկալ և արագ տեմպերով ընթացքող ձևափոխությունների։ Մասնավորապես կինոթատրոնի կողքին հայտնված «Ռոսիա» մոլի նորակառույց շենքը ընդլայնվելով՝ իր ծավալներով սկսեց կլանել կինոթատրոնի բուն շինությունը։
Կինոթատրոնի վրա հայտնվեցին էլեմենտներ, որոնք ոճային առումով խեղում են շենքի կերպարային ամբողջականությունը, ավելորդ է խոսել շենքի ինտերյերների նախնական տեսքի իսպառ վերացման մասին։ Ի հավելումն այս ամենի, արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում շենքի ճակատների հնարավոր երեսպատման մասին։ Այսօր շենքի ճակատների վրա տեղի են ունենում աշխատանքներ, որոնց վերաբերյալ որևէ տեղեկություն չունի մասնագիտական հանրույթը, ինչը՝ հաշվի առնենք շենքի մեթոդիկ ձևախեղման ընթացքի տրամաբանությունը, տեղ է տալիս բազմաթիվ ենթադրությունների։
Տարիներ շարունակ «Ռոսիա» կինոթատրոնի, ինչպես նաև բազմաթիվ այլ խորհրդային շրջանի հայկական մոդեռնիզմի նշանակալից շենքերի ճակատագիրը գտնվում էր առկախված վիճակում՝ հուշարձանի կարգավիճակ չունենանլու պատճառով։ Այդուհանդերձ, այդ շենքերը վերջին տարիների ընթացքում հայտնվել են արդեն նաև միջազգային մասնագիտական հանրության ուշադրության կենտրոնում։ Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության մասին արվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ, միջազգային ցուցահանդեսներ, հրատարակվել են ծավալուն գրքեր և կատալոգներ։ Հայկական մոդեռնիզմը այդ ցուցահանդեսներում և գրքերում առանցքային հետազոտության նյութ է։ «Ռոսիա» կինոթատրոնի շենքը 2017թ ներառվեց Գերմանիայի ճարտարապետության թանգարանի կողմից կազմակերպված SOS Brutalism ցուցահանդեսի և գրքի մեջ, որտեղ ներկայացված են բրուտալիստական ճարատարապետության ընտրված համաշխարհային ամենից նշանային կառույցները։
Շենքի սեփականատերը քաջ ծանոթ է շենքի իրական արժեքին և նրա օր օրի աճող միջազգային ճանաչմանը։ Չնայած դրան, շենքը շարունակում է ենթարկվել հետևողական ձևախեղման։ Հանրային և մասնագիտական հորդորները՝ դադարեցնելու վանդալիզմը, չեն արժանանում սեփականտիրոջ կողմից ուշադրության և նա շարունակում է գործել հուշարձանների տեր դարձած այլ մասնավոր անձանց նման, ում վանդալիստական մոտեցման հետևանքով անհետացան կամ վտանգաված են այնպիսի կառույցներ ինչպես՝ Երիտասարդական Պալատը, Ծածկած Շուկան, Զվարթնոց օդակայանի կլոր մասնաշենքը, և այլն։
Մենք դիմում ենք, նորանշանակ ՀՀ մշակույթի նախարարին, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետին, ահազանգելով, որ տարիներ շարունակ Հայաստանի կառավարության կողմից անտեսվող արդի ճարտարապետության կառույցներին հուշարձանային կարգավիճակ տալու խնդիրը առ այսօր մնում է խնդրահարույց հարցերից մեկը։ Ահազանգում ենք նաև, որ այդ անորոշությունից օգտվող «Ռոսիա» կինոթատրոնի սեփականատերը հետևողականորեն և գիտակցված ձևախեղում է կառույցի կերպարային ամբողջականությունը, որը կարող է հանգեցնել շինության կերպարի անդառնալի կորստին։
Հորդորում ենք կասեցնել շինարարական, կամ ինչպես սեփականատերն է արդեն ձևակերպել՝ «վերականգնման» աշխատանքները, և պահանջում ենք կրկին անդրադառնալ տարիներ առաջ սառեցված ճարտարապետների միության կողմից տրված դիմումին՝ հուշարձանների ցանկում լրացումներ կատարելու վերաբերյալ, ստեղծել մասնագիտական խումբ՝ «Ռոսիա» կինոթատրոնի հետագա ձևախեղումը կանխելու համար։
Ռուբեն Արևշատյան – արվեստի քննադատ, համադրող, Արվեստի Քննադատների Ազգային Ասոցիացիայի նախագահ
Վիգեն Գալստյան – համադրող, արվեստաբան, Լուսադարան Հայկական Լուսանկարչության Հիմնադրամ
Արսեն Կարապետյան – Ճարտարապետ, դ՛Արվեստանոցի հիմնադիր»։
Հարակից հրապարակումներ`
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը՝ վերականգնվելու. Նարեկ Սարգսյան
- «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
- «Փակ շուկայի» մասին մշակույթի նախարարի այսօրվա պատասխանը նախորդից վատն էր
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
- Աֆրիկյանների շենքը ֆանտաստիկ շենք է, եթե դա վերականգնեն, ես շնորհակալություն կհայտնեմ. Խաչատուր Սուքիասյան
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- «Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան»
- Մշակույթի նախարարությունն արձագանքել է ՄԻՊ-ի՝ Փակ շուկայի խնդրին վերաբերող մեղադրանքին
- Մինասյան. «Հին Երևան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը
- Զվարթնոցի Կլոր շենք. «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հարցը լուծել պահպանելու ճանապարհով»
- Երևանի գլխավոր ճարտարապետ. Զվարթնոցի կլոր շենքը չպետք է քանդվի
- Մինասյան. Զվարթնոցի հին մասնաշենքը քանդելու կառավարության որոշում չկա
- Կարծիքներ Զվարթնոցի Կլոր շենքը քանդելու որոշման շուրջ
- Զվարթնոցի կլոր շենքը քանդելը հիմարություն է
- Քարմեջ արված Հին Երևան
- «Հուշարձանը չի քանդվելու- ով ա կասկածում»... Փակ շուկա (տեսանյութ)
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
- Հանրային խորհուրդ. Վերադարձնել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճին իր նախկին կարգավիճակը
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը