Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 9.7 տոկոսով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.7%-ով։ Միաժամանակ, ապրիլ ամսվա ՏԱՑ-ը մարտի նկատմամբ նվազել է 3.1%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ ապրիլի համեմատ՝ 7.3%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է շինարության ոլորտում: Մասնավորապես, այս տարվա չորս ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 21.8 տոկոս` կազմելով 64 միլիարդ 759.6 միլիոն դրամ:Նախորդ տարվա ապրիլի համեմատ շինարարության ոլորտում աճը կազմել է 19.2%, իսկ ամսական կտրվածքով՝ մարտի համեմատ նվազել է 11.9%-ով:
Վիճակագրության համաձայն, արդյունաբերական արտադրանքի ծավալն էլ այս տարվա հունվար-ապրիլին աճել է 5.2%-ով, մինչդեռ նախորդ ամսվա համեմատ նվազել է 15.6%-ով, իսկ 2017թ-ի ապրիլի համեմատ՝ 3.7%-ով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն էլ աճել է 2.2 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.4%-ով:
Ըստ վիճակագրության՝ 2017թ. հունվար-ապրիլի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 17.6 տոկոսով, իսկ առևտրաշրջանառության ծավալը՝ 10.3%-ով:
Սպառողական գները ևս, ըստ ԱՎԾ-ի, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.1%-ով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 31.2 %-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 25.5%-ով (764.5 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 34.3%-ով (1 մլրդ 457.3 մլն դոլար):
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 3.5 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 1.4%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 0.8%-ով` կազմելով 139,7 հազ. դրամ, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 4.1%-ով՝ հասնելով 182.5 հազար դրամի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ