Կալանավորման միջնորդությունների 92.5%-ը բավարարվել է
2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 986 միջնորդություն, որից բավարարվել է 912-ը կամ 92.5%-ը, մերժվել՝ 74-ը կամ 7.5%-ը: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2017թ. ընթացքում ներկայացված միջնորդությունների 12.9%-ի դեպքում կիրառվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Համեմատության համար նշենք, որ 2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1166 միջնորդություն, որոնցից բավարարվել է 1054-ը կամ 90.4%-ը, մերժվել 112-ը կամ 9.6%-ը՝: 114-ի դեպքում ընտրվել է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2016թ. ընթացքում ներկայացված միջնորդությունների 10.8%-ի դեպքում է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Այսպիսով, 2016 թվականի համեմատ, 2017 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը 180-ով կամ 15.4%-ով նվազել է: Իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման տոկոսային ցուցանիշն աճել է 2.1%-ով: 2017թ. ընթացքում կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու դեպքերը աճել են 3.5%-ով:
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2017թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների նվազումը ու դրանց բավարարման ցուցանիշի տոկոսային աճն ուղղակիորեն կապված է Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշներ սահմանելու և կիրառելու հետ»,-նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ