Մերօրյա «դուխով» ժամանակներում անգամ թեթևամտությունն է երբեմն հերոսության պատրանք ստեղծում. Ֆարմանյան
«Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին ԱԺ շենքում բազմաթիվ հարցեր ուղղվեցին, ուղղվեցին բացառապես մեկ նպատակով՝ հնարավորություն տալու վարչապետի թեկնածուին ի լուր աշխարհի շտկելու նախկինում արված վիճահարույց և հախուռն դատողությունները, որոնց չսրբագրումը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետականության և երկրի հետագա ընթացքի համար»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ մեծ թվով քաղաքական աղմկարարներ շտապեցին մեղադրել այդ հարցերի հեղինակներին՝ «դրսից տղա բերելու կամ այլ հակապետական մտադրությունների մեջ»։
«Չնայած մերօրյա «դուխով» ժամանակներում անգամ թեթևամտությունն է երբեմն քաջագործության կամ հերոսության պատրանք ստեղծում։ Անհրաժեշտ նվազագույն սրբագրումները կատարվեցին, և դա լավ է։ Փոփոխված խոսքն ու փոփոխված դիրքորոշումը, սակայն, հաստատուն քայլերով ու մտածված որոշումներով ամրապնդման կարիք ունեն: Հակառակ դեպքում՝ անգամ սրբագրված խոսքն ու փոփոխված տեսակետը վստահություն չեն ներշնչի, եթե չասենք հակառակը՝ էլ ավելի մեծ թեթևամտություն կհաղորդեն վերանայված դիրքորոշմանը»,- նկատեց Ֆարմանյանը։
Նա շեշտեց, որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան. ամենափոքր քայլն էլ քայլ է, իրեն բնորոշ խորհրդանշական բովանդակությամբ. «Կադրային նշանակումները ևս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ նաև խորհրդանշորեն, այլաբանորեն են ընկալվում։ Անուշադրության մատնել խորհրդանիշներով տարածվող ազդակները՝ անմտություն է։
Քայլերը պիտի գան ամրացնելու փոփոխված խոսքը։ Դրա այլընտրանքը՝ թեթևամիտ խաբկանքն է, ինչը պետական քաղաքականության պարագայում ոչ այլ ինչ է, եթե ոչ աղետաբեր պատրանք։ Ցանկացած ազդակ գեներացնում է հակադարձ ռեակցիա, հակազդեցություն: Սա քաղաքականության անխախտ օրենք է: Շրջադարձային փուլերում մանկամիտ ազդակները երբեմն դառնում են հակազդեցության կործանարար աղբյուր. համաշխարհային պատմությունն ու մեր ժողովրդի անցած ճանապարհն էլ ասվածի հարուստ վկա»։
Ամփոփոելով խոսքը՝ պատգամավորն ասաց, «գիտակցենք, թե՝ ոչ, մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը անխուսափելիորեն տանելու է պարզունակ աղետի: Վերջին ակնարկի հեղինակը անմահ հրապարակախոս Տիգրան Հայրապետյանն է»։