Արաբագետ. Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում
Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հերթական լարվածության պատճառով դարձյալ սրված թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում Անկարայից չդադարող կոշտ քննադատությունների ու մեղադրանքների ֆոնին իսրայելական կողմի հակաթուրքական գործիքակազմում նոր միջոց է ներդրվել: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի՝ հերթական անգամ շահարկումից բացի, հիմա էլ Իսրայելում որոշել են ակտիվացնել քրդերի ինքնորոշման իրավունքի ճանաչման խաղաքարտը:
Այսպես, Իսրայելում իշխող կոալիցիայի առաջատար կուսակցության՝ «Լիքուդի» պատգամավոր Յոհավ Քիշը Քնեսեթում Քրդստանը ճանաչելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել:
Իսրայելցի պատգամավորի հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Բախվելով տարածաշրջանում Իրանի աճող ուժին, Թուրքիայի ծայրահեղականությանն ու Սիրիայի տրոհման իրողությանը՝ Իսրայելը պետք է գլխավորի և աջակցի անկախ պետություն ստեղծելու քրդերի ջանքերը... Եվ քանի որ Անկարան հեռացել է Արևմուտքից և կանոնվոր կերպով հանդես է գալիս Իսրայելի դեմ, աջակցում ահաբեկչությանը, շարունակում է ճնշել քրդերին իր տարածքում, անկախ Քրդստանի ճանաչումը կարող է ծառայել Իսրայելի շահերից»:
Եթե Քնեսեթը հավանություն տա այս նախաձեռնությանը, ապա դրանով կզբաղվի Արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովը:
Ըստ արաբագետի, վերոնշյալի համատեքստում կասկածից վեր է, որ Իսրայելը չի ճանաչի քրդերի ինքնորոշման ջանքերը տարածաշրջանի որևէ երկրում, իսկ ձեռնարկված միջոցներն ընդամենը քարոզչական հարթությունում են՝ անշուշտ, բնավ էլ նպատակ չունենալով վնասել թուրք-իսրայելական խորքային հարաբերությունները:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում բարձրացվեց նաև Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան
- Իսրայելը Հայաստանի մասին հիշում է միայն Թուրքիային պատժելու ժամանակ. Սուրեն Սարգսյան
- Կարծիք. Ի՞նչ հանգուցալուծում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական գործընթացն Իսրայելում
- Թուրք-իսրայելական գզվռտոցն ու Հայոց Ցեղասպանության ճանաչումը