«Շատ իրավունքների դեպքում պետությունն իրեն ազատել է հասարակության մասին հոգալու բեռից»
Իրավապաշտպանների իրավունքները ևս պաշտպանության կարիք ունեն։ Մայիսի 22-ին Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց Հայաստանում «Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության» հիմնախնդիրներին։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նկատեց. «Մենք ստացանք անկախություն, բայց չունեցանք ազատություն»։ Նա նշեց, որ ակնկալում է՝ ոլորտում բարեփոխումներ կլինեն, ապա ընդգծեց, որ դրա համար հսկայական աշխատանք կա անելու։
Քննարկման թեմային անդրադառնալով՝ Իշխանյանը նշեց, թե դա այնքան էլ լուրջ չէ, փոքր-ինչ ծայրահեղացնում են։
«Որևէ երկրում, որտեղ Մարդու իրավունքները խախտվում են, ասել՝ հանկարծ իրավապաշտպաններին չկպչեք, մի քիչ ծայրահեղացնում են։ Ես էլ մի քիչ ծայրահեղացրի, իրավապաշտպանը լայն հասկացություն է։ Իհարկե, Հայաստանում չեն եղել հալածելու, սպանելու, բանտ նստեցնելու դեպքեր, բայց վարկաբեկումներ եղել են»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է աշխատել նաև հասարակության հետ։
Իշխանյանն ընդգծեց՝ երբ աշխատում են հասարակության հետ, նրանք խոստովանում են՝ իրենց որևէ մեկը նման բան չէր ասել։ Նա հավելեց, որ Սահմանադրությունն էլ ունի իր խութերը, և իհարկե պետք է փոխել այն՝ իրավիճակ փոխելու համար։
Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը նշեց՝ այսօր ոլորտում մնում են նրանք, ովքեր պատրաստ են դիմադրելու, ում համար իրավապաշտպանությունը զբաղմունք չէ, այլ համոզմունք է, ապրելակերպ, ում համար ավելի կարևոր է գաղափարը կրելը, կյանքի կոչելը, քան սեփական հարմարավետությունն ու անվտանգությունը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը վիճակագրություն ներկայացրեց. 80 տոկոսով բավարարվում են ոստիկանության հայցերն՝ ակտիվիստների դեմ, իսկ այն դեպքերում, երբ հայցերը չեն բավարարվում, նշանակում է՝ ոստիկանությունը հայցից հրաժարված է եղել։
«Երևի ժամանակ չունեն մոտ 7-800 հոգու դեմ հայց ներկայացնելու, հակընդդեմ հայցերը հազվադեպ են բավարարվում, 1-2 դեպք եղել է 2013 թ., մյուս տարիներին էլ այդ դեպքերը մատների վրա կարելի է հաշվել, երբ դատարանը բավարարել էր ակտիվիստների կամ իրավապաշտպանների հայցերը»,- ասաց նա։
Գրիգորյանն ասաց, որ իրենց գրասենյակի նկատմամբ տարիներ շարունակ սպառնալիքներ էին հնչում, այնքան շատ, որ դեպքեր էին լինում, երբ արդեն ասում էին՝ լավ, սա այնքան էլ սպառնալիք չէ։ Նրա խոսքով՝ այս հարցում «իմունիտետի ձեռքբերումն» այնքան էլ ճիշտ չէ, պետք է վերադառնալ պահանջատեր լինելու կարգավիճակին։ Գրիգորյանը կարծում է, որ Սահմանադրությունը պետք է վերանայել, հատկապես իրավունքների սահմանադրական երաշխիքների վերականգնման միջոցով, որովհետև շատ իրավունքների դեպքում պետությունը փաստացի իրեն ազատել է հասարակության մասին հոգալու բեռից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ