ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը հարվածել է համալսարանի վարորդին
Հայաստանի պետական տնտեսակագիտական համալսարանը հայտարարություն է տարածել ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ:
Ըստ համալսարանի տարածած տեղեկատվության,
«14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից և այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա:
Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են և հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից:
Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին:
Միաժամանակ, ներկայումս Ս.Խառատյանի նախաձեռնությամբ, իր մտերիմների միջոցով քոլեջի մուտքը փակել են՝ իրեն որպես տնօրեն հետ բերելու պահանջով, ինչի հետևանքով 18.05.2018թ.-ից քոլեջի բնականոն գործունեությունը խաթարվել է:
Ս. Խառատյանը դրսևորել է կրթական հաստատության ղեկավարին ոչ պատշաճ վարքագիծ, ինչի գիտակցումով էլ, հավանաբար, ներկայացրել է ազատման դիմում: Անհասկանալի է այժմ նրա մտերիմների միջոցով իրականացվող բեմականացման պատճառը և այն կեղծ ահազանգերը, որոնցով նրանք դիմում են լրատվամիջոցներին՝ ներկայացնելով, իբր թե չգիտեն քոլեջի տնօրենի պաշտոնակատարի ազատման պատճառը»:
Միջադեպի վերաբերյալ ներկայացվածը հավաստելու համար համալսարանը հրապարակել է նաև վարորդի բացատրագիրը, պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության տնօրենի նամակը, ինչպես նաև Սերգեյ Խառատյանի դիմումը:
« ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստվում է սույն նյութերը ներկայացնել ՀՀ ոստիկանություն՝ սահմանված կարգով ընթացք տալու համար: ՀՊՏՀ ղեկավարությունը այս մասին պատշաճ կարգով կտեղեկացնի նաև ԿԳ նախարարությանը»,-նշում են համալսարանից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին