Ունենք երեք արագաչափի գողության փաստ. ՃՈ ներկայացուցիչ
ՀՀ ոստիկանությունը տեղեկացված է լինում արագաչափերի ցանկացած շարժի վերաբերյալ, ավելին՝ այն շարժը կատարում է ՃՈ ցուցումների հիման վրա: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը:
«Վերջին օրերին դժբախտաբար գրանցվել են դեպքեր, երբ կրակելու և այլ միջոցներով վնաս են հասցրել արագաչափերին, ունենք նաև երեք արագաչափի գողության փաստ»,- ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարընթերցումների տեղիք տված հայտարարությանը, Խաչատրյանը նշեց, որ վարչապետը չի հանձնարարել դադարեցնել արագաչափերի գործունեությունը, այլ հանձնարարել է վերլուծել և ներկայացնել արդյունքները, սակայն արագաչափերը միշտ գործում են:
«Արագաչափերը և տեսահսկող համակարգերը գործում են, պետք չէ իրավախախտումներ թույլ տալ, վերջին օրերին այս տարըմբռնումներով պայմանավորված՝ տեղի է ունեցել իրավախախտումների քանակի ավելացում, որոշ մարդիկ ճիշտ չեն ընկալել այս ամենը, և իրենց թույլ են տվել իրավախախտումներ»,- ասաց նա:
Խաչատրյանը նաև արձագանքեց Ոստիկանության տարածած՝ ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցնելու մասին հայտարարության առաջացրած մտահոգություններին՝ հաշվի առնելով, որ նշված արագությունը գործում է հիմնականում դպրոցամերձ վայրերում: Նա տեղեկացրեց, որ հաշվի են առել՝ առջևում ամառային արձակուրդներն են, բացի այդ՝ կան հետիոտնային անցումներ, անհարթությունների վրա հետիոտնային անցումները կկազմակերպվեն, որևէ մեկի կյանքը չի վտանգվի:
Հարակից հրապարակումներ`
- Հուսով ենք՝ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա. ՃՈ
- Ոստիկանություն. Վերջին հինգ տարիների տուգանքները կչեղարկվեն