Հայաստանի պատմական քարտեզները ցուցադրվում են Տարտուի համալսարանում
Էստոնիայում՝ Տարտուի համալսարանի թանգարանում, տեղի է ունեցել Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը Էստոնիայի Հայկական Ազգային Միության և Տարտու քաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Տարտուի համալսարանի ղեկավարությունը:
Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է պատմաբան Ռուբեն Գալիչյանի կազմած Հայաստանի քարտեզների հավաքածուն՝ սկսած մ․թ․ա․ 6-րդ դարից մինչ 20-րդ դարը։
Դեսպանը նշել է, որ միջին դարերում շատ հաճախ երկրի անունները համապատասխանեցվում էին ժողովուրդների բնակության վայրերին և հավելել է, որ չնայած Հայաստանը 1375-1918թթ․՝ շուրջ 650 տարի, անկախ պետականություն չի ունեցել, այնուամենայնիվ համաշխարհային քարտեզագրությունը շարունակաբար հայկական բարձրավանդակի տարածքն անվանել է «Հայաստան»։
«Այս մոտեցումը աստիճանաբար փոխվեց միայն Հայոց ցեղասպանությունից հետո, երբ հայ ժողովուրդը դադարեց գոյություն ունենալ իր պատմական հայրենիքի մեծ մասում: Եզրափակելով իր խոսքը, Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ներկայացված 50 քարտեզները ըստ էության ցույց են տալիս հայ ժողովրդի պատմության կարևորագույն հանգրվանները և լավագույն միջոց են օտար լսարաններին մեր պատմությունը ներկայացնելու համար»,-նշել է նա:
Տարտուի քաղաքապետ Ուրմաս Կլաասն իր ելույթում գոհունակություն է հայտնել նման ճանաչողական ցուցահանդեսը հյուրընկալելու կապակցությամբ՝ հավելելով, որ հայ ժողովուրդն ունի չափազանց հարուստ պատմություն, որը պետք է պարբերաբար ներկայացվի օտար լսարաններին։ Ուրմաս Կլաասն նաև նշել է, որ Տարտուում է գտնվում Հայաստանի և Էստոնիայի բարեկամությունը խորհրդանշող մեծ խաչքարը, որը 1978թ. է տեղադրվել քաղաքի կարևորագույն հատվածներից մեկում։
Ցուցահանդեսի բացումից առաջ և հետո Տարտու քաղաքի հայ համայնքը ներկայացրել է գեղարվեստական համարներ։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 3-ը։