ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ-ի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը
Մայիսի 24-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին և Յուլիա Լովոչկինային: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Ողջունելով հյուրերին՝ ԱԳ նախարարը նշել է, որ որպես Եվրախորհրդում ՀՀ նախկին դեսպան, իր համար հոգեհարազատ է ընդունել ԵԽԽՎ պատվիրակությանը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Եվրախորհուրդը Հայաստանի կարևոր գործընկերն է ժողովրդավարության խորացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ճանապարհին»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի անդամները շնորհավորել են Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այս պատասխանատու առաքելության մեջ:
Նշվել է, որ հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ինչպես գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի առավել բարձրացմանն առնչվող հարցերին:
Զրուցակիցները քննարկումներ են ունեցել ԵԽԽՎ աշխատանքների շուրջ։
ԱԳ նախարարը ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Նա ընդգծել է, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին