Որոշ ուժեր արել են ամեն ինչ՝ Հայաստանում բացառելու ժողովրդավարական ընտրությունները. պատգամավոր
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նպատակով ստեղծվելիք հանձնաժողովի ներկայացուցիչները դեռևս չեն հանդիպել «Ելք» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու ԸՕ-ում կատարվելիք փոփոխությունները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, հանդիպման կայանալու պարագայում իրենք պատրաստվում են ներկայացնել սեփական առաջարկությունները։ Դրանք, ըստ էության, մի քանիսն են՝ ռեյտինգային ընտրակարգի վերացում, Կուսակցությունների մասին օրենքում ֆինանսավորման խնդիրներ, ինչպես նաև ընտրողների նույնականացման մեխանիզմներ։
«Էլի նյուանսներ կան, բայց ես հիմնական խնդիրներն եմ ասում։ Մնում է քննարկենք»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանը ձեռնպահ մնաց առաջիկա քննարկումների արդյունվետության աստիճանը կանխատեսելուց, միայն նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են՝ լավ Ընտրական օրենսգիրք ունենալու համար։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս իր հերթին նշեց, որ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման իրենց հիմնական պնդումները վերաբերելու են ռեյտինգային ընտրակարգի չեղարկմանը և մատնահետքերի միասնական շտեմարանի ներդրմանը, որպեսզի կրկնաքվեարկությունները բացառվեն։
«Մենք նախկինում էլ ռեյտինգային ընտրակարգը հանելու նախաձեռնություն ենք ներկայացրել, բայց ՀՀԿ-ն, լինելով քաղաքական մեծամասնություն, փլուզել է այդ նախագիծը։ Հիմա պետք է բանականության ձայնին անսալով՝ ընդառաջեն այս առաջարկությանը։ Համենայնդեպս, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է պատասխանատվություն կրում։
Ուրեմն, գալիք սերունդները թող տեսնեն՝ որոնք են այն քաղաքական ուժերը, որոնք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, արել են ամեն ինչ՝ Հայաստանում բացառելու ժողովրդավարական ընտրությունները»,- ամփոփեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ ՀՀԿ-ն չի տապալի Ընտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թվականի ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան
- «Ժամանակ». Ընտրական օրենսգիրքը՞, թե՞ սահմանադրությունը կփոխվի
- ԸՕ փոփոխմանը ԱԺ բոլոր խմբակցությունները կողմ էին, բացի ՀՀԿ-ից
- Քաղաքագետ. «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի կարևոր է, քան Ընտրական օրենսգիրքը