«Թաթսթոուն» ՍՊԸ-ն դադարեցրեց Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն դադարեցրեց Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մեղրի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Առայժմ հանքավայրի շահագորրծման դադարեցման պատճառների մասին որևէ տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ:
«Էկոլուր»-ի փոխանցմամբ, պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Հանրագիր, որում գրված է, որ Լիճքի հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և որ հանքավայրի շահագործումը կարող է որակական և քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է: Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությունը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը:
«Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը: Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը», - նշված է Հանրագրում:
Լիճքի հանքավայրի շահագործման հարցը քննվում է ՀՀ վարչական դատարանում: Հայցվոր «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն պահանջում է առ ոչինչ ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը, քանի որ հանքավայրի մի մասը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները