Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները. Արցախի ԱԺ նախագահ
«Հայ և կիպրոսցի ժողովուրդները բախտակից ժողովուրդներ են ոչ միայն բաժին հասած ճակատագրի առումով, այլ քաղաքակրթական առանձնահատկությունների տեսանկյունից»։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը՝ այսօր Կիպրոսի ԷՏԷՔ ընկերվարական կուսակցության ԿԿ անդամ Նիկոլաս Խրիստուի և Նիկոսիայի մարզային կոմիտեի անդամ գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսի հետ հանդիպմանը։
ԱՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անդրադառնալով այլ երկրների հետ Արցախի համագործակցությանը` Վահրամ Բալայանը ընգծել է, որ Արցախի իշխանությունների համար անչափ կարևոր է ինտեգրվել աշխարհին և փորձել ներկայացնել այն տեսլականը, որով ապրում է մեր ժողովուրդը:
«Քաղաքական գործիչները, ովքեր թերահավատ են, ժամանելով Արցախ, դառնում են մեր բարեկամները, մեր դեսպանները իրենց երկրներում», - շեշտել է ԱԺ փոխնախագահը:
գեներալ Խրոստոտուլոս Լեֆկարիտիսը նշել է, որ հայ և կիպրոսցի ժողովուրդները հեռվից են գալիս և նույն ուղղությունն ունեն:
Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև փոխգործակցության զարգացման և գործնական հարաբերությունների ամրապնդման շուրջ: