Մտավոր սեփականության գործակալությունը 2017թ-ին տվել է գյուտի 74 և օգտակար մոդելի 27 արտոնագիր
2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 110 գյուտի և 40 օգտակար մոդելի հայտ, որոնցից 146-ը` ազգային, 4-ը` օտարերկրյա հայտատուներից: 1992թ-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, ստացված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 4 478:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017թ. ազգային հայտատուների կողմից ներկայացվել է գյուտերի 4 միջազգային հայտ: 1994-2017թթ. ընթացքում մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն է ուղարկվել գյուտի 93 միջազգային հայտ: Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ազգային հայտատուների կողմից 2017թ. ներկայացվել է 3 հայտ: 1997-2017թթ. ընթացքում Եվրասիական արտոնագրային գերատեսչություն առաքվել է գյուտի 45 եվրասիական հայտ:
Ըստ ԱՎԾ-ի՝ նախորդ տարի գործավարությունն ավարտվել է 148 հայտով, ընդ որում, 93 հայտով կայացվել են որոշումներ գյուտի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 30 հայտով` օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 19 հայտով` գյուտի (օգտակար մոդելի) հայտը հետ կանչված համարելու մասին, գյուտի 4 և օգտա կար մոդելի 2 հայտերով` արտոնագրեր տալն ամբողջությամբ մերժելու մասին:
Ընդհանուր առմամբ, 2017թ. տրվել է գյուտի 74 և օգտակար մոդելի 27 արտոնագիր, որոնցից օտարերկրյա հայտատուներին՝ օգտակար մոդելի 1 արտոնագիր: 2017թ. 3152 գյուտի արտոնագրերից ՀՀ տարածքում գործում է 209-ը, իսկ օգտակար մոդելի 505 արտոնագրից՝ 126-ը: ՀՀ տարածքում գործում է 4 958 եվրասիական արտոնագիր: