Հայաստանում նախորդ տարի գրանցվել է 1435 նոր ապրանքային նշան
2017թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել ապրանքային նշանի գրանցման 1 883 հայտ (1 348-ը` ազգային հայտատուներից):
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ապրանքային նշանների 1 767 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 10 հայտ, 94 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Գրանցվել է 1 435 ապրանքային նշան (1 325-ը՝ ազգային հայտատուների անուններով):
Ըստ ԱՎԾ-ի՝ նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2 997 ծանուցում: Միջազգային ծանուցումներով կայացվել է 1 681 որոշում ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին՝ 518, իսկ վերջնական մերժման մասին` 764 որոշում:
ՀՀ-ից էլ ներկայացվել է միջազգային գրանցման 51 հայտ:
2017թ. ազգային ընթացակարգով Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 58 արդյունաբերական նմուշի հայտ (54-ը՝ ազգային հայտատուներից), որոնցից 34-ը ստացել է վկայագիր: Արդյունաբերական նմուշների Հաագայի համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին 149 ծանուցում:
Վիճակագրության համաձայն, 2017թ. պատրաստվել և իրավատերերին է հանձնվել 1 435 ապրանքային նշանների վկայագրեր, 74 գյուտի արտոնագրեր, 27 օգտակար մոդելների արտոնագրեր և 31 արդյունաբերական նմուշների վկայագրեր:
2017 թվականին, որպես պետական տուրք, ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 406.7 մլն. դրամ: 2016թ. համեմատ գանձված գումարների չափը նվազել է 101.6 մլն. դրամով: