Ինչի դիմաց ինչ՝ արդարադատությունն ինչպես որ կա
Արդարադատության նախարարի հայտարարության վերաբերյալ panorama.am-ը դիմել էր հարցմամբ, պարզելու, թե՝ արդյո՞ք արդարադատության նախարարը չի վազանցում իր գործառույթները՝ կապված «Սասնա ծռերի» դատավարության հետ: Հարցումը մայիսի 18-ին էր, գրավոր:
Նախ կրկին արտահայտեմ տարակուսանքս նախարարությունների աշխատելաոճի հետ կապված՝ եթե նախարարը արել է հայտարարություն, որով փաստորեն սահմանել է նախարարության քաղաքականությունը, ինչու պիտի սպասել մի շաբաթ՝ մանրամասնություններին տեղեկանալու համար: Համոզված եմ, որ մամուլի քարտուղարները պիտի լինեն ավելի պատրաստված ու արդեն արված հայտարարությունների մասով ունենան պատրաստի բացատրություններ: Իսկ 5-30 օրը պիտի պահել այն հարցումների համար, որոնք պահանջում են լրացուցիչ հաշվարկներ, արխիվի վեր հանում, նոր քննարկում…:
Ինչևէ՝ հարցմանը պատասխանել էր ՀՀ ԱՆ աշխատակազմից Նարեկ Ղազարյանը. «Տեղեկացնում ենք, որ ՊՊԾ գնդի գործի վերաբերյալ Արդարադատության նախարարի կողմից նշվել է. «Քննարկվում են բոլոր հնարավոր ճանապարհները, որ դա լինի օրինական, արդար, հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները չէին կարող խախտվել:
Ստիպված եմ անցնել մատներով բացատրելուն ու նկատել, որ համակարգային լուծման համար անհայտները, որ պիտի գտնել, պիտի անպայման բավարարեն համակարգի բոլոր հավասարումներին:
Այսինքն՝ եթե դատական իշխանությունը բացարձակ անկախ է, ապա երկրորդ հավասարումը, թե՝ քննարկվում են հնարավոր ճանապարհներ արդարադատության նախարարությունում... այլևս չի կարող համակարգ կազմել առաջին պնդման հետ:
Ասել կուզի՝ կամ իշխանությունը անկախ չէ, կամ արդարադատության նախարարը չի կարող քննարկել դատական որևէ պրոցես, ինչքան էլ որ պնդի, թե՝ չի խախտելու սահմանադրությամբ երաշխավորված դատական բացարձակ անկախությունը:
Այն, որ դատական համակարգը անկախ չէր, շատ է խոսվել և թավշյա հեղափոխությունից առաջ (այնպես որ՝ ընդհանրապես իզուր է հհկ-ն արտասանում «արդարադատություն» ու «անօրինական» բառերը): Այն, որ ազատ արձակվեցին բանտարկյալներ (առանց անուններ նշելու անգամ)՝ փոխելով նրանց կալանքի ձևը, արդեն իսկ խոսում է երկու բանի մասին՝ այդ մարդիկ ձերբակալված էին օրենքի ոչ մարդասիրական համահունչում, կամ սխալ էին ձերբակալված ընդհանրապես: Երկրորդ՝ ազատ արձակվեցին ուղղակի թելադրանքով՝ նոր իշխանության, կամ հանրության՝ տվյալ դեպքում նույնն է:
Այսպիսով՝ դատական համակարգը կար կախյալ ու մնաց կախյալ՝ լինի դա վատ, թե ամենայն բարի նկատառումներով:
Ի դեպ՝ ասվածի վկան է և արդարադատության նախարարի հայտարարությունը: Շատ ափսոսում եմ նման ցածրաոճ ու հանրահաճո հայտարարությունների համար: Ափսոսում եմ, որ նոր նախարարները անընդհատ կամ արդարանում են իրենց գործողություններով ու խոսքերով, կամ իրենց այնքան վստահ չեն զգում, որ կարիք ունեն նման հայտարարություններ անելու:
Համոզված եմ՝ Հայաստանի քաղաքացիները կուզեն համընդհանուր արդարություն, որ կարող է ապահովել օրենքի կատարումները:
Փոխեք օրենքները, եթե դրանք չեն բխում հանրության, մարդասիրության, հավասարության, բարօրության... սկզբունքներից: Բայց փոխեք օրենքով:
Թող յուրաքանչյուրն իմանա՝ ինչի դիմաց ինչ: Ոչ թե՝ ինչի դիմաց՝ ում...:
Քաղաքական կամք, քաղաքական կամք, քաղաքական կամք՝ սա է, որ սպասում է Հայաստանի անհամբեր հասարակությունը, երբ մենակ ու անկեղծ է լինում է ինքն իր հետ:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
- Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
- Մայրաքաղաք, որ ամենևին էլ մայր չէ
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում