ՀՀ ՊՆ-ն գաղտնի է պահում ադրբեջանական դիրքերի տեղակայումը
Վերջին օրերը հանրությունը ակտիվ քննարկում է Նախիջևանում ադրբեջանական դիրքերի՝ դեպի ՀՀ սահմանագիծ տեղաշարժվելու փաստը: Ու թեև քաղաքակցիները անհանգստացած են ու ազնիվ, բաց ու հստակ ու խիստ պատասխաններ են սպասում ՀՀ ՊՆ-ից ու ՀՀ ԱԳՆ-ից, այդպիսիք չեն ստանում:
Ոչ մեկի հիշողությունից չի կորել ոչ Ապրիլյանը, ոչ դրանից առաջ ադրբեջանական զորքերի կուտակումները հայաստանյան կողմից անտեսելու փաստը, ոչ 800 հա «անպետք հողերի» կորուստը, ոչ էլ պաշտոնյաների երդումները, թե՝ Ապրիլյանից իրենք դասեր քաղել են:
Թուրքական մամուլը շատ ակտիվ է, ու թերևս՝ առանց ամոթի է բարձրաձայնում ադրբեջանական նոր դիրքավորումը:
«Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասել է թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը:
Սա շատ ավելի է նման իրողության, քան այն բազմաչարչար բարձ, որ փափուկ դնում են մեր գլխի տակ:
Նոր կառավարության առջև դրված մարտահրավերները արտաքին աշխարհում ավելին են ու ավելի լուրջ, քան ներքին՝ նորմալ աշխատելու մարտահրավերը: Եթե ենթադրենք, որ Ռուսաստանը իր դիրքերը նվազած է համարում Կովկասյան «իր սահմաններում», ապա միանգամայն բնական ու սպասելի պիտի համարել Ադրբեջանի հերթական ագրեսիվացումը:
Պնդել, որ այն առանց ռուսական «բշտոցի» է, միարժեք հնարավոր չէ: Ու եթե նույնիսկ Ռուսաստանը շատ էլ չեզոք է, ապա նրա դիրքերի խարխլումը կարող էր աշխուժացնել Թուրքիային:
ՊՆ երեկվա պնդումը, թե ադրբեջանական դիրքերը տեղաշարժվել են իրենց տարածքում ու կարիք չկա անհանգստանալու, տարակուսելի չէր լինի, եթե դիրքերը հետ տային, ոչ թե՝ դեպի ՀՀ սահման:
Հասկանալու համար, թե ինչու է ՊՆ-ն այսքան հանգիստ ադրբեջանական տեղափոխումներից, դիմեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, խնդրելով տրամադրել ադրբեջանական դիրքերի այսօրվա և ավելի վաղ ժամանակվա համեմատական քարտեզ:
Խոսնակը պատասխանեց, որ նման քարտեզներ իրենք, իհարկե, ունեն, սակայն ընդգծեց, որ «քարտեզները գաղտնի են և լրատվամիջոցներում հրապարակման ենթակա չեն»:
Կրկնենք՝ մեր խնդրանքը միայն ադրբեջանական դիրքերին էր վերաբերում:
Ինչևէ՝ գոնե տեղեկացանք, որ. «հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, Ադրբեջանական զինուժը էական տեղաշարժեր չի կատարել»:
Թեպետ՝ կարծում ենք «անպետք» 800 հա-ից հետո ՊՆ «էականը» ճշգրտման կարիք ունի:
Իսկ թե ինչպիսին է Արցախի սահմաններում իրավիճակը, պատասխանեց ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Իրավիճակը հանգիստ է: Միշտ զգոն ենք՝ պատրաստ ցանկացած զարգացման»:
Հակառակորդի դիրքային տեղաշարժեր նկատվո՞ւմ են. Հասրաթյանը բացասական պատասխան տվեց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում