Ընդերքօգտագործմանը վերաբերող տեղեկությունը հասանելի կլինի հանրությանը
ՀՀ կառավարությունը սահմանել է ընդերքօգտագործման հետ կապված գործունեությանը վերաբերող հրապարակային հաշվետվությունների լրացման, դրանք կազմելու և լիազոր մարմին և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից իր պաշտոնական կայքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկության հրապարակման կարգը:
Որոշման ընդունմամբ նշված ոլորտի հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկությունը հանրության համար կդառնա առավել բաց և հասանելի:
Գործադիրը համաձայնություն է տվել նաև Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն: Ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր, որը պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի: