20 տարուց ավելի է՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է. Շավարշ Քոչարյան
Հայաստանը երբեք իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցելու պարտականություն այն հարցերի շուրջ, որոնք Արցախի իշխանությունների, Արցախի Հանրապետության տիրույթում են: ԱԺ-ում այս մասին այսօր հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, հայկական երկու պետություններում այսօր տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող չամրապնդել հայկական կողմի դիրքերը միջազգային ասպարեզում:
«Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է: Դա մեր մտավոր կարողությունն ու ստեղծագործ ներուժն է»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ այսօր առաջընթացի հնարավորություն չկա, և առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ` Արցախը դիտարկելով որպես լիարժեք կողմ:
«Բոլորի համար ակնհայտ է, որ 20 տարուց ավելի է՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև շեշտեց՝ եթե Ադրբեջանը ցանկանում է իրականում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձևացնի, որ այդպիսի սուբյեկտ գոյություն չունի:
«Քանի դեռ Բաքուն չի ընդունում Արցախի մասնակցությունը, դա լակմուսի թղթի պես ցույց է տալիս, որ ինքը հակված չէ առաջընթացի: Դրա համար երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի ներգրավում, դա շատ կարևոր է, բայց նաև հասկանանք երկրորդը՝ այսօր կա՞ հնարավորություն առաջընթացի: Այսօր չկա այդ հնարավորությունը հենց Բաքվի քաղաքականության պատճառով»,- նշեց Քոչարյանը: