Բրյուսելում տեղի կունենա Եվրամիություն-Հայաստան խորհրդի նիստ
Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որը կվարի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Ինչպես ասվում է ԵՄ կայքում, ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Գործընկերության խորհուրդը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու Արևելյան գործընկերության ուԵվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործողությունները։ Գործընկերության խորհուրդը կանդրադառնա ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններին։
ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախնական կիրարկման մեկնարկից 3 շաբաթ անց, որը ստորագրվել է 2017թ․-ի նոյեմբերի 24-ին, Գործընկերության խորհուրդը կվերանայի տնտեսական, առևտրային ու ոլորտային համագործակցությունը։ Այն նաև կքննարկի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։
Ֆեդերիկա Մոգերինին ու Զոհրաբ Մնացականյանը կքննարկեն նաև քաղաքական հարցեր, որը կներառի քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մամուլի ազատությունն ու մարդու իրավունքները։
Կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան ու Իրանը։