Դալայ-լաման Թրամփին և մյուս առաջնորդներին կոչ է արել չտրվել էմոցիաներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու համաշխարհային այլ առաջնորդներ պետք է ավելի քիչ ղեկավարվեն էմոցիաներով և նյութական արժեքներով, և ավելի շատ մտածեն Երկրի մոլորակում բնակվող 7 միլիարդ մարդկանց փոխկապակցվածության մասին, որպեսզի աշխարհում դադարեցվեն հակամարտությունները: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին Ռիգայում ասել է Դալայ-լաման:
«Շատ է էմոցիան, քիչ խելացի վերլուծությունը, այդ թվում նաև քաղաքական առաջնորդների գործողություններում: Աշխարհում շատ է նյութապաշտությունը՝ և ժամանակակից մշակույթում, և կրթության համակարգում»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու աշխարհում չեն դադարում հակամարտությունները:
Նրա խոսքով, պետք է փոխել կրթության համակարգը՝ նյութական արժեքներից անցնել հոգևոր:
«Տարբեր ազգության և կրոնի մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք յոթ միլիարդանոց ընտանիքի մի մասն են, որտեղ յուրաքանչյուրի երջանկությունը այսպես թե այնպես կախված է մնացածի բարեկեցությունից»,- ընգծել է բուդդիստների հոգևոր առաջնորդը:
Դալայ-լաման նաև կարևորել է կանանց դերը, նրանց մայրական սերը, բարությունը: