Արմեն Պետրոսյան. Սիրիահայերի նկատմամբ Վրաստանը ոչ բարեկամական վարք է դրսևորում
«Վրաստանի իշխանությունների կողմից ծնունդով Սիրիայից ՀՀ քաղաքացիների մուտքը կամ ազատ տեղաշարժն իրենց երկրով սահմանափակելու դեպքերը մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնարար փաստաթղթերի, սկզբունքների կոպտագույն խախտում են»,-ֆեյսբուքյան իր էջում սիրիահայերին հարևան երկիր մուտքն արգելելու վերաբերյալ նման մտահոգություն է հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա ընդգծում է, եթե անձին արգելվում է որևէ երկիր մուտք գործել ընդամենը նրա ծննդավայր-երկրի պատճառով և ոչ, ասենք՝ կասկածելի քրեական ներկայի, կամ միջազգային իրավապահ կառույցների կողմից հետախուզման և նմանատիպ այլ փաստական հիմքերի առկայության դեպքում, ապա տվյալ պետությունը, իրավաբանական եզրաբանությամբ, ոչ բարեկամական վարք է դրսևորում:
«Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու պատճառով Թբիլիսի-Դամասկոս հարաբերություններում առաջացած լարվածությունը չի կարող դրսևորվել նաև ՀՀ քաղաքացի սիրիահայերի հանդեպ՝ համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում: ՀՀ ԱԳՆ-ը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է հետևողական լինեն ոչ միայն վերոնշյալ, այլև, առհասարակ վրաց սահմանապահների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ շատ հաճախ անհիմն պատճառներով ցուցաբերվող անհարգալից վերաբերմունքի բացառման հարցերում»,-գրել է Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին