Չեխիայում փողոցում հայտնված հայ ընտանիքին օգնել են վերադառնալ հայրենիք
Չեխիայում ՀՀ դեսպանության աշխատակից Տիգրան Սեյրանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես և ակնկալում էինք, երեկ, մարտի 12-ին, լրացավ Ալավերդյանների ընտանիքի՝ փախստականների պահման հատուկ կենտրոնում կեցության հերթական ժամկետը և ընտանիքը բառի բուն իմաստով հայտնվեց փողոցում։ Արթուր Ալավերդյանն առայժմ հրաժարվում է գործ ունենալ որևէ մեկի հետ, սակայն կինը՝ Օքսանան, երկու զավակների հետ երեկ եկավ դեսպանություն։
ՀՀ ԿԱ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ պարոն Մնացական Բիչախչյանի հետ խորհրդակցելու արդյունքում, կարծես թե գտանք այն իրավական ձևակերպումը, որով փոքրիկը՝ Սարան, կկարողանա մեկնել Հայաստան մոր և 5-ամյա ապերիկի հետ։ Դեսպանության աշխատակիցների և պրահաբնակ Կարեն Սարգսյանի միջոցներով մամային իր երկու բալիկներով տեղավորեցինք հյուրանոցում։
Այս պահին լուծվում է նրանց՝ Պրահա-Երևան ավիատոմսերով ապահովելու հարցը։ Մշտական կապի մեջ եմ Արթուրի քրոջ՝ Արմինեի հետ։ Եթե մեր ծրագրածով ընթանա, նա շուտով Երևանում կդիմավորի հարսին և զարմիկներին։ Առայժմ ամեն ինչ իր հունով է գնում, Օքսանան և երեխաները կուշտ են և ժամանակավոր օթևան ունեն։ Եթե պրահաբնակ հայերի աջակցության կարիքը լինի, լրացուցիչ կտեղեկացնեմ։
Հատուկ շնորհակալություն գնդապետ Մնացական Բիչախչյանին»։
Գրառումից 2 օր անց Տիգրան Սեյրանյանը կրկին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, ուր մասնավորապես նշված է.
«Այսօր, հունիսի 15-ին, Արթուր Ալավերդյանի կինն՝ Օքսանան և երկու զավակները՝ 6-ամյա Ալեքսանդրը ու 10-ամսական Սարան Չեխական Ավիաուղիների ուղիղ չվերթով Պրահայից մեկնում են Երևան: Դեսպանության հյուպատոս Դավիթ Ղուկասյանն, ով չափազանց հոգատար է եղել հարցի կարգավորման ողջ ընթացքում, նրանց ուղեկցել է ընդհուպ մինչև օդանավ՝ օգնելու և հնարավոր խնդիրները լուծելու նպատակով: Արթուրի հայրը և քույրը հարսին ու երեխաներին կդիմավորեն Երևանի օդանավակայանում:
Բարի ճանապարհ:
Հուսամ մոտ ապագայում Հայրենիք կվերադառնա նաև Արթուրը»: