Եվրոպական խորհրդարանն աջակցում է Հայաստանի հավակնոտ բարեփոխումներին
Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը, որը ղեկավարում էր արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիստերը, այցելել էր Հայաստան հունիսի 18-ին՝ գնահատելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու բարեփոխումներին ուղղված ջանքները։
9 պատգամավորների պատվիրակությունն Հայաստանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ինչպես նաև նախարարներին, պատգամավորներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու Հայաստանում քաղաքական իրավիճակը, Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու նոր բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ վերջին քաղաքական իրադարձություններից հետո, որը հանգեցրեց կառավարության փոփոխության։
«Եվրոպական խորհրդարանը շատ ուշադիր հետևել է՝ ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին։ Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության մակարդակն ու փոփոխություններին խաղաղ աջակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը եղել է տպավորիչ։ Սա առանցքային պահ է Հայաստանի համար՝ ժողովրդավարության ամրապնդման, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և երկարատև խաղաղության հաստատման համար: Հայաստանի քաղաքացիները ցանկանում են սա, Հայաստանի իշխանությունները ստանձնել են այս պատրաստակամությունը և Եվրոպական միությունը կլինի այնտեղ՝ աջակցելու այս ճանապարհին յուրաքանչյուր քայլի»,- այցից հետո ասել է պատվիրակության ղեկավար Դևիդ ՄքԱլիստերը, որի ամփոփումը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի տարածած մամլո հաղորդագրության մեջ։
ՄքԱլիստերը նաև ասել է, որ հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան Համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի վերջին քվեարկությունը։ Այս համաձայնագրի վավերացումը միայն սկիզբն է․ Հայաստանի մոդերնիզացիայի համար առանցքային է նրա իրականացումը։ ՄքԱլիստերը նշել է, որ համաձայնագրի հաջող իրականացումը կօգնի գրավել ԵՄ ներդրումներ, խթանել առևտուրը ԵՄ հետ ու ապահովել կոնկրետ օգուտներ Հայաստանի ժողովրդի համար։