Արարքներ կան, որ աններելի են. Սասուն Միքայելյան
«Չէի պատկերացնի, որ էդ կարգի բան կարող է լինել, արարքներ կան, որ աններելի են»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի անձի շուրջ ԱԱԾ բացահայտումներին:
«Ես միշտ ասել եմ՝ մարդն իր արածների համար պատասխան է տալիս: Գնահատականը տալու են ժամանակը և ժողովուրդը: Ահա, եկավ ժամանակը: Ով ինչ անում, իրեն է անում: Չեմ պատկերացնում՝ ինչ հակափաստարկներ կարող են լինել, որ ինքն արդարանա», - նշեց նա։
Պատգամավորը շեշտեց՝ անպատժելիությունը եկել է նախորդ իշխանություններից, նրանք այս ամենին մաս են կազմել։
Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ եթե խոսքը միայն զենքին վերաբերեր, ապա ինքը չէր մեղադրի Մանվել Գրիգորյանին, բայց զինվորից սնունդ և հագուստ գողանալն արդարացում չունի։
Դիտարկմանը, թե ինքը ևս ժամանակին եղել է ՀՀԿ անդամ Միքայելյանը նշեց.
«Ես եղել եմ Հանրապետական կուսակցության անդամ, չեմ եղել հանրասեփական կուսակցության անդամ։ Սրանք հանրասեփական կուսակցության անդամ են եղել։ Գիտե՞ք Վազգեն Սպարապետի օրոք Հանրապետական կուսակցությունում ինչ կարգ ու կանոն է եղել։ Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, շատ մարդիկ ավելի շուտ կպատժվեին»։
Պատգամավորը բացառեց, որ Մանվել Գրիգորյանը գործած լինի առանց նախկին իշխանությունների գիտության:
«Նախորդ իշխանությունը բանդա է եղել, և բանդան նման գործողություններ է ծավալել տարիների ընթացքում»,- շեշտեց նա: