Այն մսխումները, որ տեղի են ունեցել, պետք է վերադարձվեն ՊՆ. Դավիթ Սանասարյան
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջնագծում խնդիր ունենք, պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի և թիկունքում խախտումներ, հանցագործություններ տեղի չունենան», - այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նաև հավելեց. «Մենք ուզում ենք, որ նոր նախարարն ամբողջովին մաքրված անցնի գործի՝ իրականացնի իր լիազորությունները և մտքում չլինեն այն բոլոր մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ-շատ խախտումներ, օրենքի լուրջ խախտումներ։ Այնպես որ մենք ոչ թե գնում ենք վնասելու, գնում ենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու, մենք ունենք մեր ինֆորմացիաները, և հենց այն կարևորությունը, որ ՊՆ-ն ունի երկրի համար, մենք դրա համար ուզում ենք՝ ՊՆ-ն լինի մաքուր, ՊՆ-ն լինի ուժեղ, և այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե ու պաշտպանության նախարարություն»։
Հարցին՝ թե ներկայիս նախարարն աշխատել է ՊՆ-ում, եղել է փոխնախարար, արդյոք բացահայտումների առումով պատասխանատվության իր բաժինը չի՞ ունենա, վերահսկողական ծառայության պետը նշեց, որ Դավիթ Տոնոյանի հետ որևէ խնդիր չունեն:
«Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, այդ դեպքում ինչի՞ համար են այս փոփոխությունները: Օրինակ, եթե իմ հեղափոխական ընկերների ղեկավարած կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա նրանք ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցն, թե ինչ չափի չարաշահումների մասին է խոսքը, Դավիթ Սանասարյանը չմանրամասնեց։
Նրա խոսքով՝ պետք է անել հնարավորինս՝ օր առաջ մաքրելու պետական համակարգը. « Սյուրռեալիզմի շարքից է, որ նախարարներն իրենք են խնդրում՝ ստուգումներ սկսեն հենց իրենց գերատեսչությունից»:
Հարցին՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ներկայումս՝ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանին էլ կստուգե՞ն, քանի որ նրա մասին էլ եղել են հրապարակումներ, որ կապ է ունեցել կոռուպցիայի հետ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Մամուլում ինչ-որ բան գրվելն այլ է, փաստերն այլ են: Այդ ամեն ինչը մենք տեսնելու ենք։ Չկա մեկը, որի վերաբերյալ ես ունեմ կաշկանդվածություն ու քայլեր չեմ անելու: Բայց ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանը նույնպես կօգնի մեզ՝ որպես երկար տարիներ բանակում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձ, որպեսզի գտնենք կոռուպցիոն կծիկները»: