Ուսումնասիրություն. Էրդողանի հակառակորդի հանրահավաքներին ավելի շատ մարդ է մասնակցում
Թուրքիայում գործող «Եվրասիական սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնը» ներկայացրել է ուսումնասիրություն` նախագահների թեկնածուների հանրահավաքներին մարդկանց մասնակցության վերաբերյալ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հայտնել է, որ ուսումնասիրվել են նախագահի 3 ֆավորիտ թեկնածուների` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների, քեմալական «Հանրապետական ժողովրդական կուսակցության» թեկնածու Մուհարեմ Ինջեի հանրահավաքները:
Դիտարկվել են թեկնածուների` երկրի 5 նահագներում անցկացրած հանրահավաքների մասնակիցների քանակը, ակտիվությունը, միջոցառմանը մասնակցելու տևողությունը:
Այսպիսով, հանրահավաքների մասնակիցները ըստ ակտիվության բաժանվել են 3 խմբի.
1. «Ակտիվ զանգված». այս խմբի մեջ մտնողները հանրահավաքի ընթացքում կարգախոսներ են հնչեցնում, դրոշներ ծածանում, կանգնում բեմին մոտ:
2. «Թեկնածուին համակրող զանգված». այս խմբի մեջ մտնող քաղաքացիները հիմնականում լսում են ելույթները և ժամանակ առ ժամանակ ծափահարում:
3. «Ունկնդրող զանգված». այս խմբի մեջ մտնում են հանրահավաքում առավել պասիվ կեցվածք դրսևորող, զուտ ելույթները լսող քաղաքացիները:
Հանրահավաքի մասնակիցների թիվը` ըստ ակտիվության.
Ինջեի հանրահավաքներ
Ակտիվ զանգված -17 205
Համակրող զանգված -9 705
Ունկնդրող զանգված -12 364
Մերալ Աքշեների հանրահավաքներ
Ակտիվ զանգված - 14 004
Համակրող զանգված -8 445
Ունկնդրող զանգված -11 968
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքներ
Ակտիվ զանգված -16 938
Համակրող զանգված- 9 689
Ունկնդրող զանգված -12 004
Կենտրոնի կատարած ուսումնասիրությունը պարզել է՝ ընդհանուր առմամբ, Ինջեի հանրահավաքներին մասնակցել է միջինը 39 278 մարդ, Էրդողանի հանրահավաքներին` 38 631 իսկ Աքշեների հանրահավաքներին` 34 հազար 417 մարդ:
Ուսումնասիրվել են նաև մասնակիցների` հանրահավաքը ունկնդրելու տևողությունը: Պարզվել է, որ այն դեպքում, երբ Էրդողանի հանրահավաքներից առաջին 15-20 րոպեի ընթացքում հեռացողների թիվը կազմում է միջինը 1315 մարդ, Ինջեի հանրահավաքներից վաղ հեռացողների միջին թիվը 435 է, իսկ Աքշեներինը` 535:
«Բանն այն է, որ Էրդողանի ելույթները այլևս հետաքրքիր չեն: Այն ինչ ասում է, ընտրողները արդեն լսել են, քանի որ եթերով հաճախ է ելույթ ունենում: Բացի այդ, պետական կառույցներում աշխատողները, որոնք պարտադրաբար են բերվում հանրահավաքի վայր, «ներկա ստանալուց» հետո անմիջապես հեռանում են: Իսկ Աքշեների և Ինջեի դեպքում ժողովուրդը հետաքրքրված է, թե ինչ են ասելու, ուստի մինչև վերջ մնում են: Հասարակության մեջ փոփոխության հստակ պահանջ կա: Այս հանգամանքը մեծացնում է ընդդիմության հաղթելու հույսը»,-ասել է կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը:
Հարակից հրապարակումներ`
- Դեմիրթաշը Էրդողանին. «Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել»
- Քեմալականների թեկնածուն` Էրդողանի մասին. «Այդ հոգնած մարդն այլևս չի կարող պայքարել ճգնաժամի դեմ»