Հայտնի ֆուտբոլիստներին վերածել են պատմական կերպարների
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում բացվել է «Աստվածներին նման...» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Լենտա.ռու-ն գրում է, որ ներկայացված է ավելի քան 40 դիմանկար, որոնց հեղինակն իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Բիրիմբելլին է: Նկարներում հանրահայտ ֆուտբոլիստներ են պատմական հայտնի անձանց կերպարով:
Նկարչի տեսադաշտում են հայտնվել համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստեղեր, ինչպիսիք են Զլատան Իբրահիմովիչը, Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Ուեյն Ռունին: Ռուս ֆուտբոլիստներից նկարիչը պատկերել է Իվան Նովոսելցևին և Ռոման Շիրոկովին: Ֆուտբոլիստները նկարներում գեներալական համազգեստով են կամ թագավորական հանդերձանքով: Այդուհանդերձ որոշ դետալներ հիշեցնում են հերոսների իրական մասնագիտության մասին: Օրինակ, Մոհամեդ Սալահի վրա Եգիպտոսի ազգային հավաքականի խորհրդանշանն է, իսկ Ռոնալդուի համազգեստին մեդալ է ամրացված, որը հիշեցնում է «Ռեալի» խորհրդանշանի գույները:
Նախագիծը «Ֆուտբոլն առանց սահմանների» ակցիայի մի մասն է։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 5-ը, իսկ երկրպագուի անձնագիր ունեցողներին 50 տոկոս զեղչ կարվի: