«18 հիվա՞նդ». մայրիկները, աղիքային ինֆեկցիան, անվստահելի ջուրն ու առողջապահության նախարարությունը
Panorama.am-ն այսօր անդրադարձել էր աղիքային ինֆեկցիայով երեխաների հիվանդացության դեպքերին: Մասնավորապես, ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնել՝ երեխաների շրջանում տարածված բարձր ջերմության, փորլուծության վերաբերյալ: Ոմանք կարծում են, որ երեխաների աղիքային վարակի պատճառը ջուրն է:
Առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր:
«Վերջին օրերին Երևանի 2 բժշկական կազմակերպությունում նկատվել էր միանման գանգանտերով երեխաների դիմելիության ակտիվություն: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 9 երեխայի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Թիվը կարող է փոխվել՝ կապված ընթացիկ հետազոտությունների արդյունքների հետ»,- նշել են առողջապահության նախարարությունից:
Հրապարակումից հետո Panorama.am-ի խմբագրություն զանգահարեց երկու երեխաների մայր Զարուհին՝ նշելով, որ իր երեխաները մանկապարտեզ չեն գնում, սակայն նույն ախտանշաններն ունեն:
«Առողջապահության նախարարությունը գրել է ընդամենը 18 դեպքի մասին, սակայն իմ ունեցած տվյալներով՝ միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային վարակով շուրջ 200 մարդ է բուժում ստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր երեխաներն արդեն 10 օր է լուծ են:
Զարուհին ապրում է Կենտրոն համայնքում, Տիգրան ՄԵծ պողոտայում: 10 օր առաջ նրանց թաղամասի ջրամատակարարումը դադարեցվել է, իսկ երբ ջրամատակարարումը վերականգնվել է, 2,3 տարեկան երեխայի մոտ նկատվել է բարձր ջերմություն, փսխումներ, լուծ: Նույն ախտանիշները երկու օր հետո նկատվել են 8 տարեկան աղջկա, հետո արդեն՝ իր ու ամուսնու մոտ:
«Դիմեցի պոլիկլինիկա, տեղամասի բժշկուհին ասաց, որ վերջին օրերին տարածքի բնակիչներն այդ հարցով հաճախ են իրենց դիմում»,- ասաց նա:
Զարուհին կարծում է, որ աղիքային վարակի պատճառը ջուրն է. «Իմ երեխան ալերգիկ է, սնվում է միայն տանը, թարմ պատրաստված սնունդով, երկրորդ անգամ երեխայի կերակուրը չեմ տաքացնում: Մենք էլ դրսում ոչինչ չենք կերել, որևէ տեղ չեն գնացել, ուրիշ տեղ ջուր չեն խմել, միայն խմում ենք մեր տան ծորակի ջուրը»:
Նրա խոսքով՝ երբ երեխան ջերմել է, մտածել է, որ սովորական մրսածություն է, բայց երբ արդեն աղջկա մոտ են նույն ախտանշաններն ի հայտ եկել և տեղամասի բժիշկն էլ հաստատել է, որ աղիքային վիրուս է, կարծում է, որ ինֆեկցիայի պատճառը միմիայն ջուրն է:
«Ծանոթս աշխատում է «Նորք» ինֆեկցիոնում, ասաց, որ այնտեղ տեղ չկա, մոտ 200 հիվանդ դիմել է նույն գանգատներով: Դրա համար որոշեցի տանը՝ տեղամասի բժշկի ցուցումներով բուժել երեխաներիս: Բարեբախտաբար կաթիլայինի չհասանք, բայց մինչև օրս 2 տարեկան երեխաս լուծ է: ԲԱԿ անալիզ եմ հանձնել, որի պատասխանները երկու օրից պարզ կլինեն: Բոլոր նշանները ցույց են տալիս, որ դիզենտերիա է»,- ասաց Զարուհին:
Նրա խոսքով՝ շաբաթ օրը զանգել է Առողջապահության նախարարություն, որտեղից նախ հետաքրքրվել են՝ երեխաները մանկապարտեզ հաճախո՞ւմ են, թե ոչ. «Նախարարությունից որևէ հստակ բան չասացին, միայն ինձ խորհուրդ տվեցին, որ միրգն ու բանջարեղենը լվանամ խանութից գնած ջրով: Եւ հիմա աբսուրդ է, որ նախարարությունն ասում է՝ 18 երեխա է հիվանդանոց տեղափոխվել, երբ հիվանդանոցում տեղ չկա»:
Զարուհին դիմել է նաև «Վեոլիա» ընկերություն, որտեղից արձագանքել են՝ կարող են ծորակից հոսող ջուրը վերցնեն ու տանեն փորձաքննության: «Դա էլ է աբսուրդ: Խոսքը 10 օր առաջ խմած ջրի մասին է, հիմա ինչ հիմքով են ջուրը ստուգում»,- ասաց Զարուհին:
Նշենք, որ սոցցանցերում ծնողները շարունակում են իրենց մտագոհությունը հայտնել: Օգտատերերից մեկն արձագանքելով Առողջապահության նախարարությանը՝ գրել է. «18 հիվա՞նդ: Երևի վերջում մի զրո պակաս են գրել: Իմ տղան ու ծանոթների երեխաներից շատերն են դիզենտերիայով վարակվել, բայց «Գուլիվեր»-ի հետ կապ չունեն և ծորակի ջուր էլ չեն խմում»:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների շրջանում գրանցված դիզենտերիայի պատճառը, ըստ Առողջապահության նախարարության
- Հայաստանի ջուրը «ստանդարտից դուրս» է
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան