Հենրիխ Հիմլերի դուստրը 60-ականներին աշխատել է Գերմանիայի արտաքին հետախուզությունում
Երրորդ ռեյխի գլխավոր գործիչներից մեկի՝ Էս Էս-ի ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերի դուստրը 1960-ական թվականներին աշխատել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունում (BND):
Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Բիլդ պարբերականը, հաստատել են նաև հետախուզությունից՝ նշելով, որ հիմա կարող են խոսել այդ մասին, քանի որ Գուդրուն Բուրվիցը մահացել է այս տարվա մայիսին Մյունխենում՝ 88 տարեկանում:
Նրա հայրը Հիտլերի մերձավոր շրջապատից էր և համարվում է Հոլոքոստի գլխավոր հեղինակը: Հիմլերն ինքնասպան էր եղել 1945 թվականին, կալանքի տակ եղած ժամանակ: Բուրվիցը պատերազմը ավարտվելու ժամանակ անչափահաս է եղել, ամբողջ կյանքում չի թաքցրել նացիստական հայացքները և պաշտպանել է հորը:
Նա գերմանական հետախուզության աշխատակից է եղել մի քանի տարի՝ մինչև 1963 թվականը: Բուրվիցը նաև Silent Help կազմակերպության անդամ է եղել, որն իրավաբանական և ֆինանսական օգնություն է տրամադրել ԷՍ էՍ-ի նախկին անդամներին: