Մի շիշ ջրի պատմություն, գործը հասավ դատախազություն
Կոտայք համայնքում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը ոստիկանությունն ավարտել է: Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այսօր նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:
«Բացի այդ, հենց միջադեպի օրը ոստիկանության պետի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության ներքին վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել»,-հայտնեցին ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ Վարդավառի օրը Կոտայք համայնքում անչափահաս երեխաներից մեկը շշով ջուր է լցրել անցնող մեքենայի վրա: Ըստ տարածված տեսանյութի ու համայնքի բնակիչների պատմածների, մեքենայից դուրս է եկել նույն համայնքի բնակիչ Կարեն Գասպարյանը, ով նախկին ոստիկանապետի եղբայրն է, բռնել է աղջնակի գլուխն ու փորձել մտցնել առվի մեջ: Բացի այդ, ըստ երեխաների պատմածի, մեքենայում եղած հարազատները էլեկտրաշոկով սպառնացել են երեխաներին:
Հայհոյանքները լսելով ՝ փողոց է դուրս եկել երեխայի հայրը, սկսել է քաշքշոց նրա ու Կարեն Գասպարյանի միջև: Պատմությունը շարունակվել է Գասպարյանի առանձնատանը, որտեղ, աղջկա հոր պատմելով՝ իրեն ծեծել են Գասպարյանն ու որդին, ստիպել կանանց ներկայությամբ ծնկաչոք ներողություն խնդրել:
Գասպարյանի առանձնատան տարածքում մի քանի տեսախցիկ կա: Ոստիկանությունից հետաքրքվեցինք, արդյոք ոստիկանությունը վերցրե՞լ է տեսանյութերը: Իրավապահ այդ մարմնի հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից ի պատասխան, ասեցին, բոլոր նյութերն ուղարկվել են դատախազություն:
Դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ դեռ նյութերը չեն ստացել:
Նշենք, որ Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետն է, իսկ որդին՝ Սերգեյ Գասպարյանն, աշխատում է ոստիկանությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ