Արցախի ժողովրդի անկախության և ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի. Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը և Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սևերինսկին այսօր Վարշավայում տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու և բարեկամական կապերն առավել խորացնելու գործում:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական աժեքների զարգացումն է:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա:
«Արցախի ժողովրդի անկախության և ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը: