Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ազդարարման համակարգի մասին» օրենքում
«Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարությունը փոփոխություններ է առաջարկում։ Այն է՝ ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: ԱԺ արտահերթ նիստում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զենյալյանը։
«Օրենքի անցումային դրույթներում նախատեսվել էր, որ հարթակը ենթակա էր ստեղծման մինչև 2018թ.-ի հուլիսի 1-ը: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու համար: Տեխնիկական նկարագիրը հաստատվել է կառավարության որոշմամբ, բայց գնման գործընթացները ժամանակատար են: Անանունությունը պետք է ապահովվի, ուստի առաջարկում եմ հարթակի ստեղծման ժամանակահատվածը հետաձգել մինչև հունվարի 1-ը»,- ներկայացրեց նախարարը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են պատասխանատու սահմանված ժամկետների համար, որ դրանք խափանվել են և հիմա երկարաձգվում են:
«Օրենքով սահմանված կարգով գնումների գործընթաց է սահմանվում, որը պետք է համապատասխանի օրենքի տառին, և կառավարությունը չի հասցրել իրականացնել այն»,- պատասխանեց Զեյնալյանը։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հարցադրում արեց, թե ինչ ֆինանսական միջոցներով է ստեղծվում այս հարթակը, ինչին ի պատասխան նախարարն ասաց՝ Մեծ Բրիտանիայի կառավարության և Համաշխարհային բանկի։
Հարակից հրապարակումներ`
- Քրմոյան. Ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում առաջնայինն անտարբերության վերացումն է
- Ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ
- Հոկտանյան. Շատերը միտումնավոր են «Ազդարարման համակարգի» մասին օրենքը «գործ տվողի» մակարդակի իջեցնում. «Փաստ»