Ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկն ասել է՝ հոգեպես առողջ է և խնդրել է իրեն ուղարկել ծառայության
Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը քաղաքացիներից ստացել է 80 դիմում-բողոք, որոնք հիմնականում վերաբերում են առողջական խնդիրներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, դիմումները հիմնականում վերաբերում են առողջական խնդիրների հարցերին:
Դրանք, ըստ նրա, բողոքներ են լրացուցիչ ստուգիչ հետազոտությունների, փորձաքննական գնահատականների հետ կապված:
«Դիմումներից 70-ը վերաբերում են առողջական խնդիրներին: Սա օրինաչափություն է, բոլոր նախորդ զորակոչերին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են այդ խնդիրներին: Երբ եղբայրների համատեղ ծառայության հարցը կարգավորվեց, երբ վերացվեց բնակավայրին մոտ ծառայելու արտոնությունը և այն փոխարինվեց զինծառայողներին տրվող արտոնությամբ, այդ բնույթի դիմում-բողոքները կտրուկ նվազեցին և հիմա գրեթե չենք էլ ստանում»,- նշեց Գեղամ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դիմումների հիման վրա արդեն 40 միջնորդագիր են ներկայացրել, իսկ մնացած դիմումները համարել են ոչ հիմնավորված:
Հասարակական խորհրդի նախագահը նշեց, որ բոլոր դիմումներն օպերատիվ քննարկում են և համապատասխան լուծումներ են տալիս: Ըստ նրա՝ հասարակական խորհուրդը ևս 4 նիստ կանցկացնի, վերջին նիստը կլինի հուլիսի 26-ին և այս ընթացքում նոր դիմումներ կստանան:
Գեղամ Հարությունյանը ասաց, որ 2017 թվականի ամառային և ձմեռային զորակոչերին համապասխանաբար՝ ստացել են 161 և 162 դիմում-բողոք:
Հիշեցնենք, որ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովում ներկայացվել էր հոգեկան խնդիրներ ունեցող մի տղայի հոր դիմում-բողոքը: Երիտասարդը հաշվառված էր տեղամասային հոգեբույժի մոտ, ընդունում էր դեղորայք, բայց նրան զորակոչում էին բանակ: Հասարակական խորհրդի անդամները քննարկման ժամանակ նշել էին, որ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ տղան կանոնավոր դեղորայք է ընդունում և որևէ կասկած չկա, որ զինակոչիկը լուրջ խնդիրներ ունի, հետևաբար, չի կարող ծառայել բանակում:
Panorama.am-ի հարցին, թե արդյոք այս տարի ևս նման դիմումներ ստացել են, Գեղամ Հարությանյանը դրական պատասխան տվեց:
«Նախավերջին նիստին միջնորդագիր ենք ներկայացրել, որ նորից քննարկեն հալյուցինացիաներ ունեցող երիտասարդի՝ զինվորական ծառայության համար պիտանիության հարցը: Վերջին նիստում էլ քննարկվեց մեկ այլ դիմում, երբ զորակոչիկին ճանաչել էին ծառայության համար ոչ պիտանի՝ կապված հոգեկան խնդիրների հետ, բայց նա նիստին եկել էր և սթափ, հստակ խոսում էր: Ասում էր, որ հոգեպես առողջ է, բայց իհարկե դա չի նշանակում, որ նրա մոտ չեն եղել այնպիսի պոռթկումներ, որ նշված էին նրա փաստաթղթերում»,- ասաց Գեղամ Հարությունյանը՝ հավելելով, որ հոգեկան խնդիրներով դիմումները միշտ էլ տեսակարար կշիռ կազմում են:
Հարակից հրապարակումներ`
- Հոգեկան խնդիրներ ունեցող տղային ՊՆ բժշկական հանձնաժողովը զորակոչում է բանակ
- Զորակոչիկի մայրը պնդում է՝ հետազոտությունները օբյեկտիվ չեն արտացոլում որդու առողջական վիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց