Հնդիկ քաղաքական գործիչները դատի են տվել Netflix-ին Գանդիի հանդեպ ոչ հարգալից լինելու համար
Netflix-ի առաջին հնդկական սերիալը՝ «Սրբազան խաղերը», Հնդկաստանում կոշտ արձագանքի է արժանացել, բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել։ Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ կրիմինալի ու քաղաքականության մասին սերիալի պրեմիերան կայացել է հուլիսի 6-ին։
Դրվագներից մեկում ցուցադրում են Ռաջիվ Գանդիի արխիվային կադրերը, նա 1980-ականներին Հնդկաստանի վարչապետն էր։ Ուղեկցող ձայնն ասում է, որ Գանդին մասնակցել է կոռուպցիոն սխեմաների, որոնք կապված են եղել հնդկական բանակի համար զենքի գնումներին, ինչպես նաև սիրաշահել է մահմեդականներին։ Գանդիի մասին պատմող հերոսը նրան վախկոտ է անվանում։
Netflix-ին դատի է տվել փաստաբան ու քաղաքական գործիչ Նիհիլ Բհալլան։ Նա հայտարարում է, որ սերիալում կան երկխոսություններ և խոսքեր, որոնք վնասում են նախկին վարչապետ Ռաջիվ Գանդիի հեղինակությունը։ Մեկ այլ հայց էլ ներկայացրել է ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ռաջիվ Սինխան։ Նա ևս բողոքում է Գանդիի հասցեին անընդունելի խոսքերից։
.