ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցել են իրենց վրացի գործընկերներին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության մասին: Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զորակցության և կարեկցանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ տուժածներին և վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»:
Ո ղբերգության կապակցությամբ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն ցավակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում սուգ է հայտարարված: Հանքահորի փլուզման հետևանքով զոհվել է չորս մարդ, վնասվածքներ ստացել 6 մարդ: Նախնական տվյալներով, փլուզման պատճառ է դարձել մեթանի գազի հետևանքով առաջացած պայթյունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան