Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում փլուզման դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահ առաջացրած ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքի դիմային հատվածի քարե քիվի փլուզման դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Ըստ աղբյուրի, նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի Արշակունյաց պող. 23 հասցեում գտնվող ՀՀ ԱՆ «Պրոբացիայի պետական ծառայության» մասնաշենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է նշված շինության տանիքի դիմային հատվածի քարե քիվը, որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ԱՆ Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ Արայիկ Դավթի Կարապետյանը, Մուշեղ Ֆելիքսի Հարությունյանը, Գրիգոր Սողոմոնի Մարտիրոսյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Արայիկ Դավթի Կարապետյանը, առանց գիտակցության գալու, «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:
Դեպքի առթիվ 16.07.2018 թվականին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատատեխնիկական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում փլուզման հետևանքով ԱՆ աշխատակից է մահացել
- Փլուզվել է Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը. կան տուժածներ