«Փաստ». Արդյոք ՀՀԿ–ի և նոր իշխանությունների միջև անդրկուլիսային պայմանավորվածություններ կա՞ն
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր Երևանի քաղաքապետի երեկվա ընտրություններին թեկնածու չառաջադրելու մասին: Բացի այդ, նույն կուսակցության ավագանու անդամի մակարդակով հայտարարվել է, որ ՀՀԿ–ն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև ավագանու սպասվելիք արտահերթ ընտրություններին, թեպետ այլ ՀՀԿ–ականներ նշում են, թե դեռևս պաշտոնական դիրքորոշում չկա:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ՀՀԿ–ի նման գործելաոճը մի քանի գործոններով է պայմանավորում:
«Նախ` տարօրինակ է, որ քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարում է ոչ թե կուսակցության նախագահը կամ նրա մամլո խոսնակը, այլ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը կամ, առավել ևս, նրա մի անդամը. Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն առանձին քաղաքական միավոր չէ, այն մեկ կուսակցության խմբակցություն է: Միգուցե ՀՀԿ–ում հասել են վիճակի, երբ յուրաքանչ յուր խմբակցություն ինքն իր համա՞ր է որոշումներ ընդունում: Նման բան չի լինում նորմալ քաղաքական կառույցներում:
Երկրորդ. ՀՀԿ–ն ավագանու խմբակցությունից կարող էր թեկնածու առաջադրել, սակայն դա էլ չարեց, և, փաստորեն, շարունակում են ՀՀԿ ղեկավարության կողմից իրականացվող ինքնամեկուսացման և ինքնալիկվիդացման քաղաքականությունը: Սկսած մայիսի 8–ից ՀՀԿ–ն ինքնալուծարման քաղաքականություն է տանում: Չենք տեսնում նաև ՀՀԿ բարեփոխման գործընթացը: Իսկ եթե չի բարեփոխվում և մնում է իր ղեկավարի հսկողության տակ, որին քայլ անելով մերժում էին, բնականաբար, ինքնալուծարման ճանապարհով է գնում: Խոսքը ոչ թե կազմակերպչական կամ իրավական, այլ քաղաքական ինքնալուծարման մասին է: Այսինքն` ՀՀԿ–ն կարող է շատ կուսակցությունների նման գրանցված լինել, բայց իրականում չգործել: Իսկ թե ինչու է այդ ճանապարհով գնում, այս պահին դժվար է ասել: Միգուցե իշխանափոխության փուլում ՀՀԿ ղեկավարների և նոր իշխանությունների միջև անդրկուլիսյան բանակցություննե՞ր են եղել. մասնավորապես` ՀՀԿ–ն պետք է ինքնալուծարվի, փոխարենը` ինչ–ինչ հարցեր պետք է լուծվեն: Սա ընդամենը ենթադրություն է, բայց եթե մայիսին շկոտային իրավիճակ կար, ապա հունիսի կեսերից շկոտային իրավիճակ չկա, և նոր իշխանություններն այնքան սխալներ են անում, որոնք ՀՀԿ–ն կարող էր քննադատել: Բացի այդ, գոնե կարող էին սկսել կուսակցության ռեբրենդինգի և վերաբարեփոխման գործընթացը: Այդ ամենը տեղի չի ունենում»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ