Իրանում հայտարարել են, որ Թրամփը յոթ անգամ Ռոհանիին առաջարկել է հանդիպել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ութ անգամ առաջարկել է հանդիպել, սակայն վերջինս մերժել է, գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիին։
«Ասում են, որ իրանցիները վերջիվերջո ստիպված են լինելու ԱՄՆ-ի հետ կապեր հաստատել, սակայն մինչև հիմա հակառակն է եղել։ Իրանի նախագահի՝ անցած տարի Նյու Յորք կատարած այցի ժամանակ հենց Թրամփն է ութ անգամ կապ հաստատել՝ Ռոհանիի հետ հանդիպելու ցանկությամբ, սակայն ապարդյուն»,- ասել է Վաեզին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը սկսել է ավելի մեծ հարգանքով վերաբերել ԱՄՆ-ին, քան նախկինում՝ հավելելով, որ մի օր Թեհրանը կառաջարկի գործարք կնքել։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում՝ հիշեցնելով Վաշինգտոնի կողմից միջազգային պայմանավորվածությունները խախտելու դեպքերը։