ՄԻԵԴ․ ՌԴ-ն ձախողել է Պոլիտկովսկայայի սպանության պատվիրողի բացահայտումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մազեպան ու այլոք ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը։ Հայցը ՄԻԵԴ էին ներկայացրել 2006թ․-ին սպանված լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հարազատները՝ մայրը, քույրը և երեխաները։
Հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը գտել է, որ ՌԴ-ում հետաքննությունը ձախողել է պարզել, թե ով է պատվիրել սպանությունը։
ՄԻԵԴ-ը գտել է, որ գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունք, խախտում։ Վճռով Ռուսաստանը Պոլիտկովսկայայի ընտանիքին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
ՄԻԵԴ-ը նշել է, որ մինչ իշխանությունները գտել ու դատապարտել են մի խումբ մարդկանց, ովքեր ուղղակիորեն իրականացրել են Աննա Պոլիտկովսկայայի սպանության պայմանագիրը, նրանք ձախողել են համապատասխան քննչական քայլեր իրականացնել՝ գտնելու անձին կամ անձանց, ովքեր պատվիրել են սպանությունը։
ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը ձախողել է կատարել Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները՝ իրականացնելու արդյունավետ քննություն և դատավարությունը չափազանց երկար է տևել։
Հիշեցնենք, որ հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայան սպանվեց 2006թ․-ի հոկտեմբերին՝ Մոսկվայում գտնվող իր տան վերելակում։ Պոլիտկովսկայան լուսաբանում էր Չեչնիայում մարդու իրավունքների խախտումները, նա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատներից էր։