Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլեր տնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղ ջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում անասնաբուծությունը գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ:
«Անասնաբուծություն առանց անասնաբուժության չի կարող լինել, և մենք վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք թե' Մեծ Պարնի համայնքում, թե' Լոռու մարզում և թե' ամբողջ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Եթե որոշակի խնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել, հնարավորինս շուտ, օպերատիվ և դրական կերպով շտկել, լուծել այդ խնդիրները», - նշել է Արթուր Խաչատրյանը:
Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կնպաստի արտագաղթի նվազեցմանը: