Մասիս Մայիլյան. Արցախի դիրքորոշումը մնում է անփոփոխ
Արցախի դիրքորոշումը մնում է անփոփոխ. հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը՝ ելույթ ունենալով ԱԳՆ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և արտերկրում մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:
Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչման աշխարհագրության ընդլայնումը և ապակենտրոնացված համագործակցության զարգացումը պիտի մնան արտաքին քաղաքական գործունեության առանցքը, ինչպես նաև հետագա նախագծերի իրականացման կողմնորոշիչը
Նախարարությունից հայտնում են, որ Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ արտաքին քաղաքական խնդիրների հաջողությամբ իրագործումը կախված է նաև նպատակաուղղված և գրագետ տեղեկատվական քաղաքականությունից: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը շեշտել է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների կարևոր դերը՝ միջազգային հանրությանն արցախյան իրողությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու և երկրի դրական վարկանիշն ամրապնդելու գործում՝ օգտագործելով ինչպես առկա ռեսուրսները, այնպես էլ ներգրավելով նորերը։
Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները նստավայր երկրներում։
Խորհրդակցության արդյունքներով Մասիս Մայիլյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։