Գյուղը զարգացնելու փոխարեն, գումարները յուրացրել են
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում, «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ:
Ոստիկանությունից հայտնում են, պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր: Սակայն կապալառուն, օգտվելով պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից, կատարողական կեղծ ակտեր կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մասնավորապես, գրասենյակի և «Ագաթ-777» ՍՊ ընկերության միջև կնքվել է Արագածոտնի չորս գյուղում աշխատանք կատարելու պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ երկուսուկես միլիարդ դրամ:
Ըստ աղբյուրի, այնուհետև «Ագաթ-777» ՍՊԸ-ն ենթակապալի պայմանագիր է կնքել «Շահարտ» ՍՊԸ-ի հետ, ըստ որի նրան է փոխանցել երկու գյուղի աշխատանքը, որի արժեքը կազմել է 850 միլիոն դրամից ավելի:
Ոստիկանության փոխանցմամբ, չնայած խիստ թերի աշխատանքներին՝ կազմվել են ամբողջական ծավալով աշխատանքի կեղծ կատարողականներ, իսկ հսկողություն իրականացնող «ՆՊԱՓ» ՓԲԸ աշխատակիցներն ու գրասենյակի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները ստորագրել են ակտերը և ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունները:
Արդյունքում «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ: Հարուցվել է քրեական գործ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը պնդում է՝ Մալիշկայի գյուղապետը պետք է կալանավորվի
- Մեծավանի գյուղապետի գործն ուղարկվել է դատարան
- Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը
- Ավարտվել է Չինչինի գյուղապետից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը
- Ըստ հաղորդման, գյուղապետը մանկապարտեզն ապօրինի գնել և գրանցել է իր որդու անունով
- Լոռիում երկու գյուղապետ է ձերբակալվել