Ստեփանավանի քաղաքապետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը. ով Ստեփանավանաի քաղաքապետի որդին է, ինչպես նաև նույն գործակալություն 5 աշխատակիցներ հայտնի քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: ՀՀ գլախավոր դատախազությունից մանրամասնում են, որ նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Խարդախությամբ հափշտակված գումարի չափը քննության ներկա փուլում կազմել է շուրջ 545 մլն ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամը:
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Ղարաքեշիշյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Դատախազությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի գտնվելու վայրը չի պարզվել, վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նույն օրը ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մյուս աշխատակիցներին ևս առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին և որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին` եռօրյա ժամկետում որոշման պահանջները կատարելու և այդ մասին Լոռու մարզի դատախազությանը տեղյակ պահելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:
Դատախազությունից հիշեցնում են, որ Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների մասին փաստական տվյալներ: Մասնավորապես պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:
Բացի դրանից, քննությամբ այս պահի դրությամբ ձեռք բերված տվյալներով 2007թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ: Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի քաղաքապետի որդուն ձերբակալելու որոշում է կայացվել
- Ստեփանավանի սոցծառայության 5 աշխատակիցներ ապօրինի ընտանեկան նպաստներ են ձևակերպել
- Ստեփանավանի սոցծառայության աշխատակիցների հափշտակած ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է
- Ոստիկանները Ստեփանավանում բացահայտել են շուրջ 14.640.000 դրամի յուրացման դեպք