Ոստիկանությունը պաշտպանում է մարդու կյանքը՝ անկախ քաղաքացիությունից, ռասայից, սեռից. պարզաբանում
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ոստիկանության ծառայողների պատասխանատվության վերաբերյալ։
Պարզաբանման մեջ ասված է.
«Այսօր լրատվամիջոցներում հայտարարություն է հրապարակվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը կրում են նաև ոստիկանության ծառայողները, «որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները»:
Պարզաբանենք, որ ոստիկանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանում է մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես և այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը և օրինական շահերը՝ անկախ նրա քաղաքացիությունից, ռասայից, սեռից, լեզվից, ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կուսակցական կամ որևէ կազմակերպության պատկանելությունից:
Հիշեցնենք, որ Շուռնուխ գյուղում տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունը արդեն իսկ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։
՚Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
Օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ.-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:
Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:
Կան բերման ենթարկվածներ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության պարզաբանումը՝ Շուռնուխում տեղի ունեցածի վերաբերյալ
- Շուռնուխ գյուղում ծեծել են ԼԳԲՏ ակտիվիստների
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում