Պուտինի առաջարկները Թրամփին
Հելսինկիի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին սպառազինությունների վերահսկման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Politico թերթը։
Պարբերականը պնդում է, որ իր տրամադրության տակ է հայտնվել մի հուշագիր՝ «Երկխոսություն սպառազինությունների վերահսկողության հարցերով» վերնագրով։
Դրանում Մոսկվան առաջարկում է Վաշինգտոնին 5 տարով երկարաձգել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը։ Այդ առաջարկները նախատեսում են պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների վերահաստատման անհրաժեշտությունը։
Բացի այդ, ռուսական կողմի առաջարկներն առնչվում են Արևելյան Եվրոպայում աճող լարվածությանը և նախատեսում են միջոցների ձեռնարկում, որոնք թույլ կտան խուսափել միջադեպերից Եվրոպայում ռազմական գործունեություն իրականացնելիս, միաժամանակ բարձրացնելով վստահության մակարդակը և թափանցիկությունը ռազմական ոլորտում։
Փաստաթղթում նաև առաջարկվում է սկսել խորհրդատվություններ փորձագիտական մակարդակում, ապակայունացնող սպառազինությունների ցանկ կազմելու համար։