Դավիթ Պիպոյան. Երևանում կան մետաղական ռիսկեր, որոնք սպառնում են հանրային առողջապահությանը
Կախված սննդակարգից, աղտոտված մթերքը կարող է չլինել ռիսկային և հակառակը՝ քիչ աղտոտված մթերքը կարող է լինել ավելի ռիսկային: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ էկոլոգանեոսֆերային կենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ վկայակոչելով Սյունիքի մարզում մի քանի տարի առաջ իրականացրած հետազոտությունները:
«Վտանգի մեծությունը կախված է այն բանից, թե որքան հաճախակի ու որքան մեծ քանակով ենք սպառում տվյալ մթերքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում է գտնվում Արծվանիկի պոչամաբարը:
«Պոչամբարի ներքևում լոբիի այգիներ կան: Երբ անձրև է գալիս, վերևից ամբողջ նյութերը լվանալով, ջրերը գալիս են, լցվում լոբու այգիները»,-մանրամասնեց սննդագետը:
Կենտրոնը հետազոտություն է իրականացրել մարզի մի քանի համայնքներում՝ պարզելու այնտեղ ապրողների սննդակարգը: Եղել են այնտեղ աճեցված մթերքների լաբորատոր հետազոտություններ: Դրանց արդյունքում մոլիբդենի ամենամեծ քանակությունը հայտնաբերվել է կանաչ սոխի մեջ: Բայց քանի որ կանաչ սոխ քիչ են օգտագործում, դա այնքան էլ ռիսկային չէ: Եգիպտացորենի մեջ ավելի քիչ քանակությամբ մոլիբդեն է հայտնաբերվել, բայց այն ռիսկային է, քանի որ եգիպտացորեն ուտում են ավելի մեծ չափաբաժնով: Սյունիքում լոբի տղամարդիկ ավելի շատ են ուտում, միջին հաշվով օրական 100 գրամ, սա էլ է ռիսկ առաջացնում:
«Մի տիպիկ օրինակ նշեմ, կարող ենք ունենալ մի տարրը՝ մկնդեղը ջրի մեջ ու մեղրի մեջ: Ջուրը մարդն ամեն օր օգտագործում է մինչև 2 լիտր, իսկ մեղրը՝ ոչ ամեն օր ու ավելի քիչ քանակությամբ: Հետևաբար, մկնդեղի նույն պարունակության դեպքում ջուրն ու մեղրը չեն կարող մարդու առողջության վրա ունենալ միևնույն ազդեցությունը»,-մանրամասնեց Պիպոյանը:
Ամռան ամիսներին առավել վտանգավոր են դառնում պոմիդորի, վարունգի, պղպեղի, մրգի մեծ քանակությամբ ու ամենօրյա օգտագործումը: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ Երևանում կան մետաղական ռիսկեր, որոնք սպառնում են հանրային առողջապահությանը:
«Երևանում, օրինակ, ամռան ամիսներին պտուղ-բանջարեղենի օրական սպառումը շատ բարձր է, օրական մինչև 1.5 կգ, ունենք կլաստեր՝ նույնիսկ մինչև 2.5 կգ: Մեր ազգաբնակչության 91 տոկոսն օրինակ, այս ընթացքում ամեն օր լոլիկ է օգտագործում: Հետևապես շատ կարևոր է դիտարկել այն մթերքները, որոնց օրական սպառումը 50 գրամից ավելի է: Սա նշանակում է, որ ծանր մետաղը կարող է լինել թույլատրելիի սահմանում, բայց մեծ սպառումից այն կարող է մարդու օրական լիմիտը գերազանցել»,-ասաց նա:
Այս իրավիճակում Պիպոյանը խորհուրդ է տալիս՝ ամեն ինչից ուտել քիչ-քիչ ու ոչ ամեն օր:
Այս հետազոտությունների արդյունքները տրամադրվել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, ներկայացրել են առողջապահության նախարարությանը:
Հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 4-5-ը Ծաղկաձորում անցկացված «Սննդամթերքի անվտանգության ոլորտի հիմնախնդիրները» թեմայոց սեմիների շրջանակում: Միջոցառումն իրականացվել է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Գեորգի Ավետիսյան. Այս պահին կարող եմ պնդել, որ կոռուպցիան վերացել է
- Սննդագետ․ Ձմերուկի թանկ լինելու պատճառով իրացումը նվազել է
- Գեորգի Ավետիսյանը քաղաքացիներին զգոնության կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան