Խորենացիում զանգվածային անկարգությունների գործով դատապարված Արման Առաքելյանն ազատվել է
Դատարանի որոշմամբ, Արման Առաքելյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Նա նաև նշել է, որ Ա. Առաքելյանը դատապարտվել էր 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու ապօրինի մեղադրանքով։
Դատալեքսում ներկայացված մեղադրական եզրակացության համաձայն՝ «Արման Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին»:
Հիշեցնենք որ, օրեր առաջ նույն գործի շրջանակում դատապարտված Տիգրանը Ավագյանը նույնպես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել էր: