Վստահեցնում եմ՝ Հայաստանում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ. Օսիպյան
«Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:
Նրա խոսքով՝ վարչապետից ունի համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովի թափանցիկ ընտրություններ:
Վալերի Օսիպյանը վստահեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերը բացառվելու են:
«Եթե նման դեպքեր լինեն, և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց ոստիկանապետը:
Ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում նաև ասաց, որ օգոստոսի 20-ին լրանում է իր պաշտոնավարման 100 օրը, և հանրությանը մանրամասն կտեղեկացնի պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին:
Հարցին, թե այս ընթացքում իր համար որոնք են կարևոր ձեռքբերումները, Վալերի Օսիպյանը նշեց. «Հպարտորեն կարող եմ ասել՝ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ Հայաստանի ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ»: