ՀՀԿ-ի գործողությունները հայտարարության մակարդակից այն կողմ չեն կարող անցնել. քաղաքագետ
Դատելով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի տարածած հայտարարությունից՝ երեկվա հանարահավաքում վարչապետի հնչեցրած մտքերը հարուցել են Հանրապետական կուսակցության զայրույթը։ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանին ընդհուպ հորդրել է չփորձել մատ թափ տալ ու սպառնալ այլ տեսակետներ ունեցող պետական ինստիտուտներին և պատգամավորներին, չոտնահարել օրենքն ու պետությունը:
Պարզելու՝ մինչև ուր կարող է շարունակվել երկու ճակատների հակազդեցությունը՝ կոնկրետ գործողությունների՞, թե զուտ հայտարարությունների մակարդակով, Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ։
Վերջինս նշեց, որ ՀՀԿ խոսնակի հայտարարությունը հազիվ թե գործողություններ ենթադրի։
«Խոսքից այն կողմ ակտիվություն չեմ կարող ենթադրել։ Մանավանդ, որ վարչապետի լեգիտությունը բացարձակ է՝ որ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի մակարդակով։ Իսկ ՀՀԿ-ն, բացի իրար հետ որոշ կապերով կապված լինելուց ուրիշ ոչինչ չունի։ Դրա համար կողմերի միջև հակամարտություն չեմ տեսնում, ցանկացած հարց տեղում կչեզոքացվի։
ՀՀԿ գործողությունները հայտարարության մակարդակից այն կողմ չեն կարող անցնել, դա սովորական հոխորտանք է։ Այս պայմաններում ոչինչ էլ չեն կարող անել, անհանգստանալու կարիք չկա։ Աղմուկ կլինի, ուրիշ ոչ մի բան չի լինի։ ՀՀԿ-ն պետք է քաջություն ունենա՝ խոստովանելու իր սխալները, կորսվածը ժողովրդին վերադարձնելու և արժանապատիվ հեռանալու»,- նշեց քաղաքագետ՝ հավելելով, որ ակնհայտ է դառնում՝ ՀՀԿ-ի նյարդերը ու նաև պոտենցիալը չեն հերիքում։
Լևոն Շիրինյանի խոսքով, վարչապետն իր երեկվա ելույթում շեշտեց՝ մեկընդմիշտ լուծված է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հանրապետության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին